AM
4 Սեպտեմբեր 2026 - 08:30 AMT

Թուփաք Շաքուրի սպանությունը, Սպիտակ Cadillac-ն ու մատնիչ գիրքը. 30 տարի անց սպանության գործով մեղավոր կա

04 Սեպտեմբեր 2026

«Լավ է ուշ, քան երբեք» ասացվածքը երբեք այսքան տեղին չէր եղել։ Մոտ երեք տասնամյակ Թուփաք Շաքուրի սպանությունն ամերիկյան ամենահայտնի, ամենաքննարկված, բայցև չբացահայտված հանցագործություններից մեկն է։ 1996 թվականին Լաս Վեգասում 25-ամյա ռեփերի սպանությունից հետո գործի շուրջ բազմաթիվ վարկածներ էին առաջացել՝ ամենատարօրինակ դավադրության տեսություններից մինչև փողոցային խմբավորումների հակամարտություն ու 1990-ականների հիփ հոփի հայտնի East Coast-West Coast մրցակցությունը։ Բայց երկար տարիներ այս գործով որևէ մեկը չէր դատապարտվել։ Ու միայն հիմա, կարծես, իրավիճակ է փոխվել։

Իրավիճակը՝ թարմ-թարմ

Լաս Վեգասի երդվյալ ատենակալները 63-ամյա Դուեյն «Քեֆի Դի» Դևիսին մեղավոր են ճանաչել Թուփաքի սպանության մեջ։ Նա մեղավոր է ճանաչվել հրազենի կիրառմամբ սպանության համար, թեև ինքն անձամբ չի սեղմել ձգանը։ Դևիսը դեռ 2023 թվականին էր մեղադրվել Շաքուրի սպանությունը կազմակերպելու մեջ։ Այժմ նրան կարող է սպառնալ ցմահ ազատազրկում՝ առանց վաղաժամկետ ազատման հնարավորության։ Դատավճիռը կհրապարակվի հոկտեմբերի 13-ին, իսկ Դևիսի պաշտպանությունը հայտարարել է, որ պատրաստվում է բողոքարկել այն։

Ի դեպ, մեղադրող կողմը չէր էլ պնդում, որ հենց Դևիսն է կրակել Շաքուրի վրա։ Քննությունը մինչև այժմ էլ չի հաստատել, թե սպիտակ Cadillac-ում գտնվող մարդկանցից ով է արձակել կրակոցները։ Սակայն Նևադայի օրենսդրությամբ անձը կարող է սպանության համար պատասխանատվության ենթարկվել նաև այն դեպքում, երբ ինքն անձամբ չի կրակել, բայց կազմակերպել կամ էականորեն նպաստել է հանցագործությանը։

Դեպքի օրը

1996-ի սեպտեմբերի 7-ին Թուփաք Շաքուրը Լաս Վեգասում էր Death Row Records-ի համահիմնադիր Մերիոն Հյու «Շուգ» Նայթի հետ։ Նրանք MGM Grand-ում դիտում էին Մայք Թայսոնի մենամարտը։ Դրանից հետո հյուրանոցի տարածքում Շաքուրն ու նրա շրջապատից ևս մի քանի հոգի ծեծկռտուքի մեջ են մտնում Օռլանդո Անդերսոնի հետ։ Վերջինս South Side Compton Crips խմբավորումից էր ու միաժամանակ նաև Դուեյն Դևիսի զարմիկը։

Դատախազությունը հենց այս միջադեպն է ներկայացրել որպես Շաքուրի սպանության անմիջական դրդապատճառ։ Ըստ մեղադրանքի՝ Դևիսը համարել է, որ իր զարմիկի նկատմամբ հարձակումը չէր կարող անպատասխան մնալ։ Դատախազների վարկածով՝ դրանից հետո նա զենք է ձեռք բերել և երեք այլ մարդկանց հետ սկսել է փնտրել Շաքուրին և Շուգ Նայթին։

Այդ ընթացքում Շաքուրն ու Նայթը շարժվել են դեպի Club 662, որտեղ Շաքուրը պետք է ելույթ ունենար։ Նայթը վարում էր սև BMW-ն, իսկ Շաքուրը նստած էր ուղևորի նստատեղին։ Լուսացույցի մոտ նրանց մեքենային մոտենում է սպիտակ Cadillac։ Մեքենայից կրակ են բացում BMW-ի ուղղությամբ։ Շաքուրը չորս հրազենային վնասվածք է ստանում, իսկ Նայթը վիրավորվում է, բայց ողջ է մնում։ Շաքուրը հիվանդանոց տեղափոխվելուց վեց օր անց՝ սեպտեմբերի 13-ին, մահանում է։

Ըստ դատախազության՝ մեքենայում չորս տղամարդ է եղել՝ այդ թվում Դևիսն ու նրա զարմիկ Օռլանդոն։ Դևիսը տարիների ընթացքում մի քանի անգամ հրապարակայնորեն ուղիղ ու անուղղակի կերպով ասել է, որ այդ գիշեր մեքենայի մեջ է եղել։ Իր հուշագրության էջերում նա նաև պատմել է, որ զենքը փոխանցել է հետևում նստած տղամարդկանցից մեկին, որն էլ կրակել է Շաքուրի մեքենայի ուղղությամբ։ Թե ով էր այդ մարդը, դատախազները չեն նշել։ Դևիսը Cadillac-ում գտնվող չորս տղամարդկանցից միակն է, որը կենդանի է։ Օռլանդո Անդերսոնը 1998 թվականին սպանվել է փոխհրաձգության ժամանակ։

Ինչո՞ւ է մեղադրանքն առաջադրվել միայն 2023-ին

Դևիսի անունը նորություն չէր Շաքուրի սպանության հետաքննության շրջանակում։ Ոստիկանությունը նրան վաղուց էր դիտարկում որպես գործի առանցքային անձանցից մեկը, բայց երկար ժամանակ բավարար ապացույցներ չկային նրան սպանության մեջ պաշտոնապես մեղադրելու համար։

Իրավիճակն աստիճանաբար փոխվեց հենց Դևիսի հրապարակային ելույթների պատճառով։ Տարիների ընթացքում նա իր մասնակցության մասին խոսել է հարցազրույցներում, փոդքաստներում, վավերագրական ֆիլմերում և իրավապահների հետ զրույցներում։ 2019 թվականին հրատարակվել է նաև նրա հուշագրությունը՝ Compton Street Legend, որտեղ ներկայացվել են Շաքուրի սպանության հետ կապված մի շարք մանրամասներ։

Գրքում Դևիսը գրել է, որ եղել է այն մեքենայում, որից կրակել են Շաքուրի վրա, և որ ինքն է զենքը փոխանցել հետևում նստած մարդկանց։ Հետագայում նա փորձել է հերքել գրքում ներկայացված որոշ պնդումներ՝ հավաստիացնելով, թե գրքի որոշ հատվածներ չափազանցված կամ հորինված են եղել՝ այն վաճառքի տեսանկյունից ավելի գրավիչ դարձնելու համար։

Այդուհանդերձ, մեղադրող կողմը համարում է, որ տարբեր տարիներին և տարբեր հարթակներում Դևիսի պատմած պատմությունների հիմնական առանցքը մնում էր նույնը։ Ու ստացվում է, որ Դևիսի գործով գլխավոր ու ամենավտանգավոր վկան հենց ինքը՝ Դևիսն էր։ Դատավարության ընթացքում նրա հուշագրությունն ու տարիների ընթացքում տված հարցազրույցները մեղադրող կողմի հիմնական աղբյուրներից դարձան։

Դատախազները նշում էին, որ թեև Դևիսի պատմած որոշ դրվագներ ժամանակի ընթացքում փոխվել են, նա բազմիցս հաստատել է մի կարևոր հանգամանք՝ ինքը գտնվել է սպիտակ Cadillac-ում, որից կրակել են Շաքուրի վրա։ Մեղադրող կողմը դատարանում ներկայացրել է նաև նրա հարցազրույցներից որոշ հատվածներ։ Իսկ դատախազը երդվյալ ատենակալներին ցույց է տվել Դևիսի 2019 թվականի հուշագրությունը և հիշեցրել, որ վերջինս ինքն էր նախկինում մարդկանց հորդորում գնել գիրքը՝ ճշմարտությունն իմանալու համար։

Դատախազության վարկածով՝ Դևիսի դերը միայն մեքենայում գտնվելով չէր սահմանափակվում։ Մեղադրողը պնդում էր, որ նա է կազմակերպել վրեժխնդրությունը, ձեռք բերել զենքը և իր ազդեցությամբ ուղղորդել մյուս մասնակիցներին։ Իր հուշագրության մեջ Դևիսը գրել է, որ Անդերսոնի վրա հարձակվելով՝ Շաքուրի շրջապատի մարդիկ «անցել էին սահմանը»։

Ի՞նչ էր ասում պաշտպանությունը

Դևիսի փաստաբան Մայքլ Սանֆթը պնդում էր, որ մեղադրանքի հիմնական խնդիրը նյութական ապացույցների բացակայությունն է։ Ըստ պաշտպանության՝ որևէ ֆիզիկական ապացույց ուղղակիորեն չի կապում Դևիսին Շաքուրի վրա արձակված կրակոցների հետ։ Պաշտպանական կողմը նաև կասկածի տակ էր դնում նրա գրքի և հարցազրույցների արժանահավատությունը։

Սանֆթի պնդմամբ՝ Դևիսը տարիների ընթացքում չափազանցրել է սեփական դերը՝ հասարակական ուշադրության և ֆինանսական օգուտի համար։ Նրա խոսքով՝ հուշագրությունում ներկայացված պատմությունը որևէ պարագայում չի կարելի ընդունել որպես խոստովանություն, որովհետև գիրքը ոչ թե վավերագրություն է, այլ գեղարվեստական տեքստ։ Պաշտպանությունը նաև նշում էր, որ երկարատև հետաքննության ընթացքում եղել են այլ խնդիրներ ևս՝ այդ թվում ոստիկանության հետ կապված կոռուպցիոն դրվագներ։

Այսպիսով դատավարության կարևորագույն հարցերից մեկը դարձավ Դևիսի սեփական խոսքերի իրավական արժեքը։ Մեղադրող կողմի համար դրանք նրա մասնակցությունը հաստատող հետևողական հայտարարություններ են, իսկ պաշտպանության՝ չափազանցված պատմություններ, որոնց նպատակը հանրային հետաքրքրությունն ու գրքի վաճառքն էր։ Արդյունքում երդվյալ ատենակալները համոզիչ համարեցին մեղադրող կողմի փաստարկները։

Վրեժի վարկածը

Շաքուրի սպանությունը տեղի էր ունեցել Լոս Անջելեսի երկու հակառակորդ փողոցային խմբավորումների՝ South Side Compton Crips-ի և Mob Piru Bloods-ի հակամարտության ֆոնին։ Դևիսը South Side Compton Crips-ի ազդեցիկ անդամներից էր։ Death Row Records-ի շրջապատում, որի հետ պայմանագիր ուներ Շաքուրը, կային Mob Piru Bloods-ի հետ կապված անձինք։

Այս կապերն այն ժամանակ բավականին բարդ հարաբերություններ էին ստեղծել երաժշտական բիզնեսի և փողոցային խմբավորումների միջև։ Այդ պատճառով Շաքուրի սպանությունից հետո բազմաթիվ մեկնաբանություններ այն կապում էին ավելի լայն գանգստերական հակամարտությունների հետ։

Միաժամանակ 1990-ականներին ամերիկյան հիփ հոփում ընթանում էր նաև հայտնի East Coast-West Coast հակամարտությունը։ Շաքուրը և Death Row Records-ը ներկայացնում էին արևմտյան ափի ամենահայտնի ճամբարներից մեկը, իսկ արևելյան ափում նրանց գլխավոր մրցակիցներից էին Bad Boy Records-ը և The Notorious B.I.G.-ը։

Այս հակամարտությունը երկար տարիներ նպաստում էր Շաքուրի սպանության շուրջ տարբեր վարկածների տարածմանը։ Բայց դատախազության ներկայացրած սցենարով սպանության պատճառը երաժշտական բիզնեսի կամ փոփ մշակույթի հայտնի հակամարտությունների հետ կապ չուներ։ Խնդրի հիմքում կոնկրետ իրադարձություն էր՝ Օռլանդո Անդերսոնի ծեծը և դրան հաջորդած վրեժխնդրությունը։

Դատավճիռը

Երդվյալ ատենակալները մոտ երեք ժամ խորհրդակցելուց հետո Դևիսին մեղավոր ճանաչեցին առաջին աստիճանի սպանության մեջ։ Դատավճռի հրապարակման պահին դատարանում ներկա էր Թուփաքի քույրը։ Որոշումը լսելուց հետո նա արտասվեց և գրկեց դատախազներին։ Դատարանում էր նաև Դևիսի որդին։

Դատախազությանը հաջողվեց ապացուցել, որ Դևիսին պատասխանատվության ենթարկելու համար պարտադիր չէ հաստատել, որ հենց նա է կրակել Թուփաքի ուղղությամբ։ Մեղադրանքի հիմքում նրա ենթադրյալ դերն էր սպանության կազմակերպման, զենքի ձեռքբերման և խմբի գործողությունները համակարգելու մեջ։ Դևիսն ամբողջ դատավարության ընթացքում պնդում էր, որ անմեղ է և այժմ պատրաստվում է բողոքարկել դատարանի որոշումը։