
Սալվադոր Դալին ծնկները ծալած ու վրձինը ձեռքին ցատկել է․ ձախ կողմում օդում կախված աթոռ է, հետևում՝ մոլբերտ, փոքր աթոռակ ու կտավ։ Կադրի մի կողմից ջուր է թափվում, իսկ երեք կատու տեսախցիկի առջև թռչում են։ Սա 40 աստիճան ջերմության դեպքում որևէ մեկի ցնորքը չէ, ոչ էլ ֆիլմից դրվագ է։ Ֆիլիպ Հալսմանի 1948 թվականի Dalí Atomicus լուսանկարն է, որտեղ գրեթե ամեն բան օդում է։ Առաջին հայացքից թվում է, թե Դալիի սյուրռեալիստական նկարներից մեկն ինչ-որ կերպ իրականություն է դարձել։ Բայց սա Հալսմանի աշխատանքն է, իսկ Դալին պարզապես բնորդ է։
Լուսանկարը շատ ավելի հետաքրքիր է դառնում, երբ իմանում ես դրա ստեղծման պատմությունը։ Դրանում գրեթե ոչինչ թվային կամ այլ «կախարդական» հնարքի արդյունք չէ։ 1948 թվականին, բնականաբար, Photoshop չկար, ինչպես նաև թվային տեսախցիկներ կամ սմարթֆոններ, որոնցով հնարավոր կլիներ ամեն կադրից անմիջապես հետո տեսնել արդյունքը։ Իսկ պատկերը հետևյալն էր՝ իրերի մի մասը կախված էր լարերից, մյուսը կադրից դուրս կանգնած օգնականներն էին պահում։ Ջուրն իսկապես օդ էին նետում, կատուներին՝ նույնպես։ Իսկ Դալին ամեն փորձի ժամանակ իսկապես ցատկում էր։
Հալսմանը լուսանկարում էր, հետո մշակում ժապավենը և միայն դրանից հետո կարողանում հասկանալ՝ կադրը ստացվե՞լ է, թե՞ պետք է ամեն ինչ նորից սկսել։ Իր իսկ խոսքով՝ հաջող լուսանկարը ստացվել է միայն 28-րդ փորձից հետո։ Որոշ աղբյուրներ նշում են 26 փորձ, բայց մենք կլսենք հենց Հալսմանին։ Ամեն դեպքում թիվն այստեղ ամենակարևորը չէ։ Կարևորն այն է, որ մեկ լուսանկարի համար մի ամբողջ խումբ հինգ-վեց ժամ շարունակ աշխատել է, ցատկել, կրկնել նույն գործողությունը, իսկ հետո ամեն ինչ սկսվել է սկզբից։

Բայց Dalí Atomicus-ի պատմությունն ամենևին էլ զվարճալի նկարահանման մասին չէ։ Այն նաև լավ օրինակ է, թե որքան հեռու կարող է գնալ դիմանկարային լուսանկարչությունը։ Հալսմանը չէր ուզում կադրում ֆիքսել Դալիին, փոխարենը փորձում էր ստեղծել պատկեր, որն իր բնույթով «դալիական» կլիներ՝ առաջին հայացքից անհեթեթ ու անկանոն, բայց իրականում շատ հստակ մտածված։
Երբ ստեղծվեց Dalí Atomicus-ը, Ֆիլիպ Հալսմանը վաղուց արդեն կայացած լուսանկարիչ էր։ Նա ծնվել էր 1906 թվականին Ռիգայում, լուսանկարչությամբ սկսել էր հետաքրքրվել դեռ պատանեկությունից, հետագայում աշխատել էր Փարիզում, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին տեղափոխվել Միացյալ Նահանգներ։
Ամերիկայում Հալսմանը բավական արագ դարձավ ժամանակի ամենապահանջված դիմանկարային լուսանկարիչներից մեկը։ Նրա տեսախցիկի առաջ կանգնել են Ալբերտ Էյնշտեյնը, Մերիլին Մոնրոն, Ալֆրեդ Հիչքոքը, Օդրի Հեփբերնը, Ռիչարդ Նիքսոնը և բազմաթիվ այլ հայտնի մարդիկ։ Նա Life ամսագրի համար նկարել է ավելի քան հարյուր շապիկ և մեծ ազդեցություն ունեցել 20-րդ դարի կեսերի ամսագրային դիմանկարի ձևավորման վրա։

Հալսմանի աշխատանքներում մշտապես կարևոր էր տեխնիկական հստակությունը։ Նրա լուսանկարները սովորաբար դիպուկ էին, մաքուր, լավ լուսավորված։ Բայց նա միաժամանակ սիրում էր տեղ տալ հումորին, շարժմանն ու անսովոր, անկանխատեսելի իրավիճակներին։ Հալսմանը հաճախ փորձում էր մարդուն ինչ-որ գործողության մեջ ներգրավել, ստիպել շարժվել, դուրս գալ սովորական ու վերահսկվող կեցվածքից։
Այդ պատճառով Dalí Atomicus-ի առաջին հայացքից քաոսային տեսարանը իրականում շատ բնորոշ է նրան։ Թվում է, թե կադրում ամեն ինչ պատահական է, բայց իրականում գրեթե ոչինչ պատահական չէր։ Ջրի ուղղությունը, Դալիի դիրքը, կահույքի անկյունները, կատուների հայտնվելու պահը՝ ամբողջ այս խառնաշփոթը պետք էր վերահսկել։
Հալսմանն ու Սալվադոր Դալին ծանոթացել էին Նյու Յորքում 1940-ականների սկզբին։ Նրանց համագործակցությունը սկսվել էր 1941 թվականին և ընդհանուր առմամբ շարունակվել շուրջ 37 տարի։ Այդ ընթացքում ստեղծվեցին բազմաթիվ լուսանկարներ ու համատեղ նախագծեր, որոնցից ամենահայտնիների թվում են Dalí Atomicus-ը և ավելի ուշ ստեղծված Dalí’s Mustache-ը։ Նրանց համագործակցությունն արդյունավետ էր նաև այն պատճառով, որ Դալին շատ լավ հասկանում էր լուսանկարի և հանրային կերպարի նշանակությունը։ Նա վաղուց արդեն սոսկ նկարիչ չէր։ Դալին գիտակցաբար ու մանրակրկիտ կառուցում էր նաև իր հանրային կերպարը։
Բեղերը, դեմքի չափազանցված արտահայտությունները, տարօրինակ կեցվածքներն ու աղմկոտ հայտարարություններն այն կերպարի մի մասն էին, որով նա ներկայանում էր աշխարհին։ Հալսմանին հենց այդպիսի մարդ էր պետք։ Իսկ Դալին գրեթե երբեք չէր խուսափում բեմադրություններից ու արտասովոր գաղափարներից։ Նրանց համագործակցության առավելությունն այն էր, որ մեկը լուսանկարիչ էր, մյուսը՝ նկարիչ, և նրանք միմյանց հետ մրցելու կարիք չունեին։ Յուրաքանչյուրը զբաղվում էր իր գործով, բայց պատրաստ էր մյուսի առաջարկած գաղափարը զարգացնել ու ավելի հեռուն տանել։

Dalí Atomicus անունը պատահական բառախաղ չէ։ Լուսանկարն անմիջականորեն կապված է Դալիի Leda Atomica կտավի հետ, որի վրա նկարիչն աշխատում էր 1947-1949 թվականներին։ Նույն կտավը երևում է նաև Dalí Atomicus-ի ֆոնին և դարձել է լուսանկարի գաղափարի կարևոր հիմքերից մեկը։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, հատկապես Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծություններից հետո, Դալին մեծ հետաքրքրություն էր ցուցաբերում միջուկային և քվանտային ֆիզիկայի նկատմամբ։ Նրա գիտական մեկնաբանությունները, իհարկե, միշտ չէ, որ խիստ գիտական էին։ Դալին վերցնում էր տարբեր գիտական գաղափարներ, իր ձևով մեկնաբանում ու վերածում գեղարվեստական նյութի։ Նրան հատկապես հետաքրքրում էր այն միտքը, որ նյութն իրականում այնքան պինդ և ամբողջական չէ, որքան մեզ թվում է, և, որ ատոմային մակարդակում մասնիկների միջև տարածություն կա։ Այստեղից էլ ծնվեց նաև Հալսմանի գաղափարը՝ իսկ ի՞նչ կլիներ, եթե հնարավոր լիներ նույն սկզբունքը կիրառել նաև իրական լուսանկարչական ստուդիայում։

Նկարահանումը տեղի էր ունենում Հալսմանի Նյու Յորքի ստուդիայում։ Կադրի առարկաները տարբեր ձևերով էին պահվում օդում։ Մի մասը կախված էր բարակ լարերից։ Աթոռներից մեկը կողքից մի մարդ էր պահում։ Մոլբերտն ու նկարը հատուկ ամրացված էին, փոքր աթոռակի համար նույնպես հենարան կար։
Հալսմանի կինը՝ Իվոնը, ևս մասնակցում էր նկարահանմանը։ Մի քանի մարդ զբաղվում էին կատուներով, մեկ ուրիշը՝ ջրի դույլով։ Փաստորեն, մեկ լուսանկարի համար փոքրիկ նկարահանման հրապարակ էր ստեղծվել։ Հալսմանը պետք է միաժամանակ ղեկավարեր մի քանի գործողություն՝ երբ նետել ջուրը, երբ բաց թողնել կատուներին, երբ պետք է Դալին ցատկեր և, ամենակարևորը, որ պահին ինքը պետք է լուսանկարեր։
Դրան գումարվում էր տեխնիկական դժվարությունը։ Հալսմանը աշխատում էր մեծ ֆորմատի տեսախցիկով։ Ամեն փորձից հետո հնարավոր չէր անմիջապես նայել էկրանին և հասկանալ՝ ինչն է ստացվել, ինչը՝ ոչ։ Լուսանկարը պետք էր նախ մշակել։ Միայն դրանից հետո կարող էր պարզվել, որ ջուրը սխալ ուղղությամբ է անցել, Դալիի դեմքը փակվել է, կատուները կադրում իրար վրա են ընկել կամ որևէ օգնականի ձեռքն է երևացել։ Այդ դեպքում ամեն ինչ նորից էին դասավորում ու սկսում սկզբից։
Dalí Atomicus-ի մասին խոսելիս հաճախ հիացմունքով ընդգծում են այն փաստը, որ այն ստեղծվել է «առանց Photoshop-ի»։ Այս պնդումն, իհարկե, ճիշտ է, բայց մյուս կողմից այս ձևակերպումը կարող է սխալ տպավորություն ստեղծել, թե վերջնական լուսանկարի վրա նկարահանումից հետո ընդհանրապես ոչինչ չի փոխվել։
Չմշակված տարբերակներում կարելի է տեսնել առարկաները պահող լարերը, աթոռը բռնած մարդու ձեռքը, փոքր աթոռակի հենակը։ Բացի այդ, մոլբերտի վրա սկզբում դատարկ շրջանակ էր։ Ավելի ուշ Դալին ինքն է լուսանկարի վրա ավելացրել այնտեղ երևացող պատկերը։ Այսպիսով, վերջնական աշխատանքը մի քանի տեխնիկայի համադրություն է։ Հիմնական գործողությունն իսկապես տեղի է ունեցել մեկ կադրի ընթացքում։ Բայց հետո լուսանկարը մշակվել է, որպեսզի հեռացվեն այն տեխնիկական մանրամասները, որոնց շնորհիվ ամբողջ հնարքը հնարավոր էր դարձել։

Dalí Atomicus-ը դիմանկար է, բայց ոչ դրա դասական ու սովորական իմաստով։ Դիմանկարը սովորաբար ցույց է տալիս, թե ինչ տեսք ունի մարդը։ Հալսմանը փորձում է ցույց տալ, թե ինչպիսին է այդ մարդու աշխարհը։
Դալիի դեպքում նման մոտեցումը հատկապես տեղին էր։ 1940-ականների վերջին նրա անձը, արվեստն ու հանրային կերպարը գրեթե անբաժան էին դարձել։ Սովորական լուսանկարը չէր կարող փոխանցել այն կերպարը, որը Դալին տարիներ շարունակ ստեղծել էր իր շուրջ։ Հալսմանը Դալիի մասին պատմում է նրա միջավայրի լեզվով։

Dalí Atomicus-ից մի քանի տարի անց Հալսմանը սկսեց հայտնի մարդկանց հաճախ խնդրել, որ ֆոտոսեսիայի վերջում ցատկեն։ Այդպես նա լուսանկարել է Օդրի Հեփբերնին, Մերիլին Մոնրոյին, Գրեյս Քելլիին, Ռիչարդ Նիքսոնին և շատ ուրիշների։ Այս մոտեցումը նա կատակով անվանում էր jumpology՝ «ցատկաբանություն»։
Հալսմանի գաղափարն այն էր, որ ցատկելիս մարդը չի կարող իր դեմքն ու կեցվածքը վերահսկել նույնքան, որքան սովորական դիմանկարի ժամանակ։ Նա ստիպված է ուշադրությունը կենտրոնացնել մարմնի շարժման վրա, ու դրա պատճառով հանրային «դիմակը» մի փոքր «պատռվում» է։ Պաշտոնական ու զուսպ մարդիկ դառնում էին ավելի անկաշկանդ, ոմանք՝ ծիծաղելի, մյուսները՝ անսպասելիորեն թեթև ու ազատ։

Դե, իսկ Dalí Atomicus-ը լավ օրինակ է հասկանալու համար, թե լուսանկարչության մեջ որքան հարաբերական կարող է լինել «ճշմարտություն» հասկացությունը։ Լուսանկարը կարող է արձանագրել միանգամայն իրական գործողություն և միաժամանակ ստեղծել պատկեր, որը իրականությանը չի համապատասխանում։