
80 տարեկանում մահացել է քանթրիի աստղ Դոլլի Փարթոնը։ Սա, թերևս, արդեն նորություն չէ, բայց չէինք կարող բաց թողնել իր ժամանակի գլխավոր անուններից մեկի անցած ճանապարհին անդրադառնալու հնարավորությունը։ Դոլլին կարիերայի ընթացքում թողարկել է 49 ալբոմ, ստացել է 11 «Գրեմմի» և գրել ավելի քան երեք հազար երգ։ Դրանց թվում են, օրինակ, Ուիթնի Հյուսթոնի կատարմամբ համաշխարհային հիթ դարձած I Will Always Love You-ն և Jolene-ը, որը ժամանակին կատարել է նույնիսկ The White Stripes-ը։ «Քանթրիի կնքամոր» կյանքի ու կարիերայի մասին գլխավորն առանձնացրել ենք տարբեր աղբյուրներից նրա մասին ամենատպավորիչ փաստերով, բայց հոդվածում հատկապես տեղ են գտել երաժշտական քննադատ Արտյոմ Մակարսկու ներկայացրած մանրամասները։
«Եթե որևէ մեկին հաջողվել է բացահայտել ամերիկյան երազանքի գաղտնիքն ու այն իրականություն դարձնել, ապա դա Դոլլի Փարթոնն է։»
Դեռ 1980 թվականին այս կարծիքն էր հայտնել Rolling Stone-ի լրագրող Չեթ Ֆլիփոն՝ երգչուհու հետ իր հարցազրույցի նախաբանում։ Զրույցի ընթացքում դեռևս երիտասարդ երգչուհի Դոլլին ասում էր, թե որքան կարևոր է իր համար չդավաճանել ինքն իրեն ու շարունակել սովորական կյանքով ապրել, օրինակ՝ կինոթատրոն գնալ։ Էլվիս Փրեսլիի նման փառք նա չէր ուզում, բայց այդ ցանկությունը չիրականացավ։ Հաջորդող 46 տարիներին Դոլլի Փարթոնը հասավ հենց այն փառքին, որից ժամանակին վախենում էր։

Նրա ժողովրդականությունը կարելի է չափել չոր վիճակագրությամբ։ Փարթոնի 49 ալբոմներից ընդամենը հինգը ժամանակին չեն հայտնվել Billboard-ի քանթրի ալբոմների լավագույն տասնյակում։ Բայց շատ ավելի խոսուն են նրա գործընկերների ջերմ հիշողություններն ու խոսքերը, որոնք աստղի մահվան լուրից հետո ողողել են սոցցանցերը։
Դոլլի Փարթոնն ամերիկյան երազանքի մարմնավորում էր նախևառաջ այն պարզ պատճառով, որ դեպի փառք նրա ճանապարհը հեշտ չէր։ Բայց, միևնույն ժամանակ, նա անուղղելի լավատես էր և ամեն ինչի մեջ փորձում էր լավը տեսնել։ Օրինակ՝ 1973 թվականի My Tennessee Mountain Home ալբոմը մեծ մասամբ կազմված էր մանկության հիշողություններից, բայց միայն մեկ երգում՝ In The Good Old Days (When Times Were Bad), նա իրեն թույլ տվեց խոստովանել, որ չէր ցանկանա վերադառնալ այդ տարիներ։

Փարթոնը տասներկու երեխաներից չորրորդն էր, և երբ ծնվեց, ընտանիքն ապրում էր փոքրիկ խրճիթում։ Դոլլին բավական վաղ հասկացավ, որ չի ցանկանում մնալ հայրենի Թենեսիի Փիթման Սենթեր փոքրիկ բնակավայրում, որի բնակչությունը նույնիսկ XXI դարի սկզբին ընդամենը մի քանի հարյուր մարդ էր։ Բացի այդ, նա արդեն ծրագրեր ուներ։ Դեռ շատ փոքր հասակում իրեն երգչուհի էր պատկերացնում ու երգում էր պահածոյի տուփից պատրաստված «խոսափողի» մեջ։

18 տարեկանում Դոլլին մեկնեց Նեշվիլ՝ քանթրի երաժշտության մայրաքաղաք։ Սկզբում որպես երգչուհի հանդես էր գալիս առավոտյան հեռուստահաղորդման շրջանակում և հենց այդ ընթացքում էլ անմիջապես ուշադրություն գրավեց։ Առաջին ալբոմը թողարկեց միայն երեք տարի անց՝ 1967-ին։ Հանրահայտ Hello, Dolly! մյուզիքլի անվան հետ բառախաղով՝ ալբոմը կոչեցին Hello, I’m Dolly։ Եվ արդեն այդ ձայնագրության մեջ կարելի էր տեսնել նրա հետագա ստեղծագործության գրեթե բոլոր հիմնական թեմաները։
Առաջին հիթում՝ Dumb Blonde-ում, որը հենց վերնագրում եղած կարծրատիպն էր կոտրում, ինչպես նաև դավաճանության մասին հեգնական Something Fishy երգում շատ հստակ երևում էր Փարթոնի հումորի զգացումը։ Փարթոնը հիանալի կերպով մանևրում էր այդ հակադրության հետ։ Ունկնդիրը տեսնում էր շապիկի գեղեցիկ, քնքուշ դեմքով շիկահերին, իսկ հետո հանկարծ հասկանում էր, որ այդ կինը հստակ գիտի՝ ինչ ասել և ինչպես պատասխանել ցանկացած մարտահրավերի։

I Don’t Want to Throw Rice և I Wasted My Tears երգերում նա խոսում էր անպատասխան սիրո մասին՝ ևս մեկ թեմա, որը հաճախ էր հայտնվելու նրա ստեղծագործության մեջ և, բնականաբար, հասկանալի էր շատերին։ Իսկ The Company You Keep-ում արդեն ընտանիքի թեման էր։ Յուրաքանչյուր երգ մտերմիկ զրույցի վերածելու կարողությունը նրա ժողովրդականության գլխավոր գաղտնիքներից մեկն էր։ Թվում էր՝ լսում ես ընկերուհուդ կամ քրոջդ անկեղծ խոստովանությունը, որը շտապում է քեզ համոզել, որ ամեն ինչ լավ է լինելու։
Նույն սկզբունքով էր կառուցված նաև նրա ոչ այնքան մեծ, բայց տպավորիչ դերասանական կարիերան։ Դոլլին շատ արագ էր մտնում կերպարի մեջ և ֆիլմերում հիմնականում խաղում էր կանանց, որոնց բոլորս ինչ-որ պահի հանդիպել ենք։ Օրինակ՝ հրաշալի կերպով մարմնավորում էր քարտուղարուհի Դորալի Ռոուդսին, որի մասին ղեկավարը անարդար բամբասանքներ է տարածում Փարթոնի կինոդեբյուտում՝ 9 to 5 («Ինից հինգը», 1980), կամ գեղեցկության սրահի սեփականատեր Թրուվի Ջոնսին, որը ստիպված է պահել իր ամուսնուն և ըմբոստ որդուն՝ Steel Magnolias («Պողպատե մագնոլիաներ», 1989) ֆիլմում։

Թեև ֆիլմերում մարմնավորում էր ոչ այնքան երջանիկ կանանց, իրական կյանքում Դոլլին շատ երջանիկ էր։ Ամուսնու՝ շոու բիզնեսից ու հանրային կյանքից հեռու գործարար Կարլ Թոմաս Դինի հետ նա ապրեց գրեթե 60 տարի՝ մինչև 2025 թվականին ամուսնու մահը։ Եվ այնուամենայնիվ, նույնիսկ դժբախտ սիրո մասին երգերում Փարթոնը կարողանում էր չափազանց համոզիչ ու անկեղծ լինել, թեև իրականում այդ երգերի նախապատմությունը երբեմն բոլորովին այլ էր։
Այդպիսի երգերից էին, օրինակ, նրա երկու գլխավոր հիթերը՝ Jolene-ն և I Will Always Love You-ն, որոնք, ըստ լեգենդի, գրվել են նույն գիշերը։ Ինքը՝ երգչուհին, ասում էր, որ չգիտի՝ այդ պատմությունը ճի՞շտ է, թե՞ ոչ։ Նա այնքան արագ և այնքան շատ էր գրում՝ ամբողջ կարիերայի ընթացքում ստեղծելով ավելի քան երեք հազար երգ, որ նման համընկնումը միանգամայն հնարավոր էր։

Jolene-ի հիմքում ամուսնու հետաքրքրությունն էր մեկ այլ կնոջ նկատմամբ։ Իրական կյանքում այդ փոքր դրվագը ոչ մի ազդեցություն չունեցավ Դոլլիի ու Կարլի հարաբերությունների վրա, բայց երգում Փարթոնը խոսում է մի կնոջ անունից, որը կարծես ընդունել է իր պարտությունը։
Իսկ I Will Always Love You մեգահիթը, որը հետագայում անմահացրեց Ուիթնի Հյուսթոնը, ընդհանրապես սիրային բաժանման մասին չէր։ Այն նվիրված էր Փորթեր Վագոներին՝ Փարթոնի գործընկերոջն ու մենթորին, որի նախագծում երգչուհին մի քանի տարի երգել էր։ Սովորաբար այս երգն ընկալվում է որպես հրաժեշտ սիրելի մարդուն, մինչդեռ իրականում այն հրաժեշտ էր այն ուսուցչին, որը Փարթոնի համար բացել էր մեծ բեմ տանող ճանապարհը։

Երգել այնպես, որ քեզ լսի ու հասկանա յուրաքանչյուր ունկնդիր՝ սա քանթրիի կարևորագույն պայմաններից է։ Փարթոնը ապացուցելու կամ իրական «թվալու» կարիք չուներ։ Հենց սկզբից էլ երգել է անտեսված, կյանքից վիրավորված մարդկանց համար ու մասին։ Սա մասամբ կապված էր նաև Նեշվիլում անցկացրած նրա առաջին տարիների հետ, երբ երգչուհին ստիպված էր ապացուցել, որ կինը նույնպես կարող է իր տեղն ունենալ այս ժանրում։ Այդ ժամանակ քանթրիի կին կատարողներն այնքան էլ շատ չէին։
Փարթոնն իր երգերի միջոցով միաժամանակ դիմում էր թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց, թե՛ փոքր քաղաքների ու արվարձանների բնակիչներին, թե՛ մեգապոլիսներում կարիերա անող մարդկանց։ Կարճ ասած՝ նա երգում էր բոլոր նրանց համար, ում սերը չէր բավականացնում։

Այս ամենին զուգահեռ, իր ամբողջ կյանքում Փարթոնը ամուր կապված մնաց իր ընտանիքին։ Երբ երգչուհու կարիերան բավարար եկամտի աղբյուր դարձավ, Դոլլին բոլոր հարազատներին տեղափոխեց իր քաղաք ու աշխատանքով ապահովեց։ Մորաքույրն, օրինակ, երկար տարիներ աստղի ոճաբանն էր, եղբայրներից մեկը ղեկավարում էր նրա անվտանգության ծառայությունը, իսկ վերջին տարիներին այդ պաշտոնը զբաղեցնում էր եղբոր որդին՝ Բրայանը։ Հենց նա էլ սոցիալական ցանցերում աշխարհին հայտնեց Դոլլիի մահվան մասին։
2006 թվականին Փարթոնը միջոցներ հավաքեց հայրենի Թենեսի նահանգում ուռուցքաբանական կենտրոն կառուցելու համար և առաջարկեց այն անվանել բժիշկ Ռոբերտ Ֆ. Թոմասի անունով՝ այն բժշկի, որն ընդունել էր մոր ծննդաբերությունը, երբ Դոլլին լույս աշխարհ էր գալիս։
Երգչուհու համար հատկապես կարևոր էին կրթական բարեգործական ծրագրերը, որոնք կազմակերպում էր հոր հիշատակին։ Երգչուհու հայրը գրել և կարդալ չգիտեր։ Փարթոնի ստեղծած Imagination Library՝ «Երևակայության գրադարանը», Միացյալ Նահանգներում և աշխարհի տարբեր երկրներում տարիներ շարունակ գրքեր է ուղարկում երեխաներին։

Փարթոնն իրեն քաղաքականությունից հեռու մարդ էր համարում, բայց անարդարության հետ չհաշտվելու նրա դիրքորոշումը հաճախ ավելի խոսուն էր, քան ցանկացած կարգախոս։ Օրինակ՝ նա կատարել է Վուդի Գաթրիի Deportee երգի իր տարբերակը, որը պատմում է անօրինական ներգաղթյալների ճակատագրի մասին։ Նա իրեն ֆեմինիստ չէր անվանում, բայց հպարտանում էր, որ իր առաջին հիթերից մեկը Just Because I’m A Woman-ն էր՝ «Միայն այն պատճառով, որ ես կին եմ»։
Դոլլին ապացուցեց, որ քանթրին ամենևին էլ քարացած, բացառապես տղամարդկանց աշխարհ չէ։ 2020-ականներին Դոլլի Փարթոնը դարձավ արդեն ամբողջ ամերիկյան փոփ մշակույթի խորհրդանիշներից մեկը։ Ժամանակակից քանթրի երգչուհիների համար նա դարձավ խորհրդանշական «կնքամայր», իսկ փոփ աստղ Մայլի Սայրուսի համար, որի անմիջականությունն այնքան մոտ է Փարթոնի բնավորությանը, նա նաև իրական կնքամայր էր։ Առանց Փարթոնի՝ ժանրի սահմաններից դուրս գալու փորձերի, գուցե չլինեին Շանայա Թվեյնը, Թեյլոր Սվիֆթը և շատ ուրիշներ։ Նրա մելանխոլիկ ու մեղմ երաժշտական լեզուն հիմք դարձավ նաև Լանա Դել Ռեյի համար։
Դեռ շաբաթներ առաջ երգչուհին People ամսագրին ասել էր, որ շարունակում է աշխատել։ Նրա հաջորդ նախագիծը պետք է լիներ Նեշվիլում իր անունը կրող թանգարանի բացումը։ Կասկած չկա, որ այդ թանգարանն ի վերջո կբացվի։