AM
16 Սեպտեմբեր 2026 - 08:30 AMT

Ինչու էր Ֆրեդին իրեն «երաժշտական պոռնիկ» անվանում. Queen-ի աստղ՝ լեգենդար Մերկուրիի ֆենոմենը

16 Սեպտեմբեր 2026

Ինչո՞ւ է չորս տղամարդուց կազմված խումբը կոչվում Queen։ Այս հարցը, հավանաբար, գոնե մեկ անգամ տվել են այն մարզասերները, որոնք արդեն շուրջ կես դար մարզադաշտերում ոտքերով դոփում ու ծափահարում են We Will Rock You-ի լեգենդար ռիթմի տակ։ Ֆրեդի Մերկուրիի ծննդյան 80-ամյակի առիթով PAN-ը պատմում է խմբի անվան ու կազմի մասին՝ փորձելով հասկանալ, թե ինչով է բացատրվում խմբի ֆենոմենալ հաջողությունը և ինչու է Ֆրեդին երաժշտության պատմության մեջ ընդմիշտ մնալու որպես լեգենդ։

Նրա անունը Ֆարրուխ Բուլսարա էր։ Ֆրեդին ծնվել է Զանզիբարում, որն այդ ժամանակ բրիտանական գաղութ էր։ Փարսական ծագմամբ ամաչկոտ ներգաղթյալը Ֆրեդի անունն օգտագործել է դեռ Հնդկաստանում, որտեղ փորձում էր բրիտանական գիշերօթիկ դպրոցում հարմարվել միջավայրին։ Իսկ Մերկուրի ազգանունն ընտրել է արդեն Մեծ Բրիտանիայում, ու այս անգամ ոչ թե մյուսներին նմանվելու, այլ՝ ամբոխից առանձնանալու համար։

1960-ականների վերջին Ֆրեդին դեռ աստղ չէր, բայց արդեն ամբողջ ուժով ձգտում էր հայտնի դառնալ։ Երբ միացավ խմբին, Queen-ը դեռ Queen չէր։ Իլինգում Ֆրեդին ծանոթացավ և մտերմացավ Smile ռոք խմբի հիմնադիր, վոկալիստ ու բաս-կիթառահար Թիմ Ստաֆֆելի հետ։ Որոշ ժամանակ անց նա Ֆրեդիին հրավիրեց իրենց խմբի փորձերին։ Ֆրեդին գնահատում էր Smile խմբի պոտենցիալը, հատկապես կիթառահար Բրայան Մեյի և հարվածային գործիքներ նվագող Ռոջեր Թեյլորի արվեստը։ Իսկ 1970 թվականին Թիմ Ստաֆֆելը որոշում է հեռանալ Smile խմբից, և Ֆրեդին միանում է նրանց որպես վոկալիստ։ Ու հենց ինքն էլ որոշում է, որ խմբի անունը պիտի փոխի ու Queen դարձնի։

«Ես վաղուց էի մտածել խմբի անվան մասին։ Այն հրաշալի է հնչում, բաց է տարբեր մեկնաբանությունների համար։ Այդ անունը բազմաթիվ հնարավորություններ էր տալիս և դա հրաշալի էր։ Այն բոլոր իմաստներով շատ տպավորիչ ու տարողունակ անուն է։»

20-րդ դարի երկրորդ կեսին Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների միջև մշակութային ակտիվ գործակցություն էր ստեղծվում, որն ազդում էր նաև ամբողջ Եվրոպայի երաժշտական կյանքի վրա։ 1960-ականների վերջում The Beatles-ի և The Rolling Stones-ի գլխավորած «Բրիտանական ներխուժմանը» հակադարձեց հիպիների ենթամշակույթից ծնված փսիխոդելիկ ռոքի ալիքը՝ The Doors, Grateful Dead, Jefferson Airplane։ Դրա պատասխաններից մեկը Led Zeppelin-ի և Black Sabbath-ի հարդ ռոքն էր։

Բայց ծանր երաժշտությանը զուգահեռ Մեծ Բրիտանիայում հասունանում էր հիպիական մշակույթի մեկ այլ վերափոխում՝ փայլով ու գույներով լի գլեմ-ռոքը։ Գլեմ-ռոքերները հիպիներից ժառանգել էին երկար մազերն ու փոփոխությունների ցանկությունը, բայց հնարավորինս հեռու էին այն քաղաքական մանիֆեստներից, որոնց, ի վերջո, հանգել էր շարժումը։ Նոր երաժշտությունն ավելի շատ կապված էր 1960-ականների սեռական հեղափոխության շարունակության, իրականությունից փախուստի և անզուսպ զվարճանքի հետ։ Դա գունեղ պատասխան էր արդյունաբերական Անգլիայի գորշ իրականությանը։

Բազմաթիվ վառ ու տպավորիչ մրցակիցների կողքին առանձնանալը գրեթե անհնար էր թվում։ Բայց Queen-ը մի պարզ գաղտնիք ուներ՝ լիակատար արհամարհանք չափ ու սահմանի զգացման կամ էլ զսպվածության նկատմամբ։ Երաժիշտները գլեմ-ռոքի էքստրավագանտությունը հասցրին ոչ թե հարյուր, այլ հազարապատիկ չափերի։ Այդպես, օրինակ, ծնվեց Queen-ի առաջին հավերժական հիթերից մեկը՝ Bohemian Rhapsody-ն։ Queen-ն իսկական առաջամարտիկ էր։

«Շատերն էին քննադատում Bohemian Rhapsody-ն, բայց կարո՞ղ եք այն ինչ-որ բանի հետ համեմատել։ Ասեք գոնե մեկ խումբ, որն օպերային սինգլ է ստեղծել։ Ես չեմ հիշում։»

Նույն հնարքներով երկար ժամանակ հանդիսատեսին զարմացնել հնարավոր չէր։ Առավել ևս, որ 1970-ականների վերջում երիտասարդությունն արագ կորցրեց հետաքրքրությունը գլեմ-ռոքի նկատմամբ և սկսեց նախընտրել ագրեսիվ փանկը։ Ընդհատակյա երաժշտական աշխարհը բառացիորեն պայթեց ոչ պրոֆեսիոնալ, բայց չափազանց աղմկոտ խմբերի առատությունից։ Դրանցից ամենահայտնին, իհարկե, Sex Pistols-ն էր։ Queen-ը, սակայն, հակառակ ուղղությամբ գնաց։ Նրանք որոշեցին չխորանալ հակամշակույթի մեջ, այլ նվաճել հնարավորինս լայն զանգվածների։

Ու ահա՝ «երկու դոփյուն և մեկ ծափ» պարզ բանաձևից ծնվեց ևս մեկ հավերժական հիթ՝ իր պարզությամբ հանճարեղ We Will Rock You-ն։ Իսկ We Are the Champions-ը դարձավ ինքնավստահության և հաղթանակի բերկրանքի այնպիսի խտացված արտահայտում, որ այսօր գրեթե անհնար է պատկերացնել որևէ խոշոր մարզական մրցաշար առանց այդ երգի։ Այս ստեղծագործություննեն իսկապես նախատեսված էին հենց մարզադաշտերի համար։ Queen-ը մեծ բեմերի էր ձգտում։

Բայց մեծ բեմ դուրս գալը գործի միայն կեսն է։ Տասնյակ, իսկ երբեմն հարյուր հազարավոր մարդկանցից դեռ պետք է կարողանալ կառավարել։ Եվ այստեղ Ֆրեդի Մերկուրին իսկական վարպետ էր։ Երկար մազերով գլամուրային ռոքերին փոխարինեց կարճ սանրվածքով, բեղավոր մաչոն։ Չարախոսները, իհարկե, պնդում էին, որ այս կերպարը նա պարզապես վերցրել էր այն ժամանակ նորաձև Village People ամերիկյան դիսկո-խմբից։ Հենց այս կերպարով էլ Մերկուրին մտավ պատմության մեջ։

«Ես սիրում եմ զվարճանալ, իսկ ամենալավ զվարճանքը երեք հարյուր հազար մարդու առաջ ելույթ ունենալն է։ Հանդիսատեսի հետ կապից ստացած զգացողությունն ինձ համար շատ ավելի ուժեղ է, քան սեքսը։ Սիրում եմ այդ վիճակը և անընդհատ զգում եմ, որ ավելի շատ եմ ուզում՝ ավելի շատ, ավելի շատ, ավելի շատ։ Ես պարզապես երաժշտական պոռնիկ եմ։»

Queen-ի պատմությունը նման է մի երկար, հարբած զբոսանքի, որի ընթացքում խումբը ստեղծագործական առումով անընդհատ մի ծայրահեղությունից մյուսն էր նետվում։ Դրա լավագույն ապացույցը խմբի կատարումների ժանրային ահռելի բազմազանությունն է։ Այսպիսի գլխապտույտ բազմազանության պայմաններում զարմանալի չէ, որ երաժիշտները գրեթե երբեք չէին կարողանում կանխատեսել, թե իրենց երգերից որն է դառնալու մեծ սենսացիա։

Նույն տրամաբանությամբ էին ստեղծվում նաև Queen-ի բազմաթիվ տեսահոլովակներ, որոնցում հնարավոր էր հանդիպել բառացիորեն ամեն ինչ՝ տարբեր ժամանակաշրջանների պատերազմների ու հեղափոխությունների վավերագրական կադրերից մինչև քայլող խորհրդային զինվորներ կամ համր կինոյի դասական ֆիլմերից հատվածներ։ Եթե մի հարցում Queen-ը հետևողական էր, ապա դա այն համոզմունքն էր, որ որևէ բանից ամաչելու կարիք չկա։

Ֆրեդին ևս այդ կերպ էր ապրում։ Երբ Մերկուրին ինչ-որ բան էր սկսում, հազվադեպ էր կանգ առնում։ Պիտի շարունակեր՝ մինչև դրանից ստանար հնարավոր ամեն ինչ։ Ժամանակակիցների խոսքով սա վերաբերում էր արտիստի թե՛ մասնագիտական, թե՛ անձնական կյանքին։ Ինքը՝ Ֆրեդին, հերքում էր այս պնդումը։

«Բեմում ես պարզապես մաչո եմ, սեքս-խորհրդանիշ ու շատ ինքնավստահ արտիստ։ Դրա պատճառով շատերն ինձ սխալ են ընկալում։ Բայց իրական կյանքում ես այդպիսին չեմ։ Այն պատկերացումը, թե ես մշտապես ծայրահեղությունների մեջ եմ ապրում, խիստ չափազանցված է։ Ընդհանուր առմամբ ես պարզապես մի փոքր անցնում եմ ընդունված նորմայի սահմանը։ Ես կամիկաձեի պես չեմ ապրում։»

Բայց Ֆրեդիի այս ձևակերպման հետ շատերը համաձայն չեն ու կարծում են, որ կամիկաձեի հետ համեմատությունն իրականում տեղին է։ Իր փառքի գագաթնակետին գտնվող Մերկուրին մեկը մյուսի հետևից երեկույթներ էր կազմակերպում, որոնք, իրենց մասշտաբով չէին զիջում հինհռոմեական խրախճանքներին։ Բայց 1970-ականների ամերիկյան բոհեմական երեկույթները մի շատ հարմար առանձնահատկություն ունեին՝ դրանք հաճախ ավարտվում էին այնպիսի խելահեղ վիճակում, որ մասնակիցներից գրեթե ոչ ոք հաջորդ օրը հստակ չէր հիշում, թե նախորդ օրն ինչ էր կատարվել։

Queen-ի afterparty-ներն իրենց ինտենսիվությամբ գրեթե չէին զիջում այդ երեկույթներին։ Ավելին՝ երբեմն «հետհամերգային» երեկույթն իրականում սկսվում էր համերգից շատ առաջ։ Շրջագայությունների կազմակերպիչները դրանք համեմատում էին ռազմական գործողությունների հետ՝ լոգիստիկան պետք էր մշակել ռազմավարական ճշգրտությամբ, որովհետև անհրաժեշտ ամեն ինչ ժամանակին չհասնելու դեպքում շոուն կարող էր նույնիսկ ուշանալ։ Այդ հաճույքների անվերջանալի շղթայի համար, բնականաբար, մշտապես փող էր պետք, շատ փող։ Այդ պատճառով էր նաև, որ Queen-ը չէր խորշում ելույթ ունենալ՝ Լատինական Ամերիկայի բռնապետական ռեժիմներ ունեցող երկրներում, կամ էլ ապարտեիդի ժամանակաշրջանի Հարավային Աֆրիկայում։ Խմբի այս մոտեցման պատճառով, ի վերջո, Queen-ը կորցրեց հանրության անվերապահ սերը։ Մարդիկ սկսել էին անհարմար հարցեր տալ։

«Կյանքից իմ ուզած միակ բանը շատ փող ունենալն ու այն ծախսելն էր։»

Ֆրեդի Մերկուրիի գեղեցիկ, շքեղ ու ստեղծագործ կյանքն ընդհատվեց հիվանդության պատճառով, բայց նա ստեղծագործեց ու ելույթ ունեցավ այնքան, որքան առողջությունը թույլ տվեց։ Փաստ է, որ Queen-ին հաջողվեց ճիշտ պահին հայտնվել ճիշտ տեղում։ Ինքը՝ Մերկուրին, խոստովանում էր, որ եթե թեկուզ մի փոքր ուշանար, ապա այլ մշակութային պայմաններում իր հիթերից շատերը չէին հաջողի։ Այդ ժամանակաշրջանի մշակութային վերածնունդը շատ համապատասխան էր խմբին՝ աղմկոտ, գունեղ ու պայթյունավտանգ։ Եվ այդ խելահեղ պարահանդեսը ղեկավարելու համար, թերևս, հենց Ֆրեդի Մերկուրիի պես մարդ էր պետք։