AM
25 Սեպտեմբեր 2026 - 08:30 AMT

Էդ Շիրանի արցունքները, իսրայելական լոբբին ու Macklemore-ի դիրքորոշումը. Երբ քաղաքականությունը զբաղվում է չեզոք արտիստներով

25 Սեպտեմբեր 2026

Էդ Շիրանի Loop համաշխարհային շրջագայության ամերիկյան հատվածը երգչի համար պետք է հերթական մեծ համերգային շարքը լիներ, բայց արի ու տես, որ եթե դու քաղաքականությամբ չես զբաղվում՝ քաղաքականությունն է քեզնով զբաղվում։ Նյու Ջերսիում Շիրանի համերգի բացմանը ելույթ ունեցող արտիստներից Macklemore-ի՝ Պաղեստինին աջակցող խոսքերից հետո շրջագայությունը քաղաքական ու հանրային ճգնաժամի կենտրոնում հայտնվեց։

Մարզադաշտերի սեփականատերերը պահանջեցին հեռացնել ռեփերին, Շիրանը որոշեց այլևս չընդգրկել նրան համերգներում, իսկ մյուս արտիստները հրաժարվեցին մասնակցել համերգներին՝ ի նշան համերաշխության Macklemore-ին ու Պաղեստինին։ Շիրանը սկզբում հայտարարեց, որ որոշումն իրենը չէր, և որ իր բեմը քաղաքական հարթակի չի վերածելու, բայց այդ «բացատրությունը» նրան ներքաշեց ավելի մեծ ու համապարփակ սկանդալի մեջ։

Շիրանը քաղաքականությամբ չի զբաղվում

Էդ Շիրանն աշխարհի ամենահաջողակ արտիստներից է։ Նրա ձայնագրությունների վաճառքը գերազանցել է 120 միլիոնը, իսկ ամերիկյան ալբոմների հիթ-շքերթներում նա անցկացրել է ավելի քան հազար շաբաթ։ Այդ հաջողության մի մասը, վստահաբար, նրա երգերն ու մեղեդիներն են, մյուս մասը՝ հանրային կերպարը, որը միտումնավոր ու հետևողական կերպով չի ասոցացվում փոփ աստղերին հատուկ փայլի, ցոփ ու շվայտ կյանքի հետ։ Շիրանը հաճախ ավելի շատ նման է որևէ համերգից տուն վերադարձող երկրպագուի, քան այդ համերգի գլխավոր արտիստին։ Նրա համերգներն էլ մշտապես ներկայացվում են որպես տարբեր մարդկանց միավորող տարածք, որտեղ առաջնայինը մարդկային համերաշխությունն է։

Շիրանը երկար ժամանակ փորձել է խուսափել քաղաքական բանավեճերից։ Նրա խոսքով՝ երաժշտությունը պետք է միավորի, իսկ համերգը լինի «անվտանգ միջավայր»՝ անկախ հանդիսատեսի հայացքներից ու ծագումից։ Նա հիմնականում խոսել է երաժշտական ոլորտին անմիջականորեն առնչվող հարցերի մասին՝ հեղինակային իրավունքի պաշտպանության, տոմսերի վերավաճառքի, կամ, օրինակ՝ շրջագայող երաժիշտների վրա Բրեքզիթի ազդեցության։

Նրա հանրային կերպարը կառուցվել է բազմաթիվ մարդասիրական քայլերի պրիզմայով։ 2014-ին Շիրանն իր ամբողջ զգեստապահարանը նվիրել էր բարեգործական խանութներին։ Տարիներ շարունակ պատանիների երաժշտական կրթությունն է ֆինանսավորում։ Ու այս ցանկը կարելի է շարունակել։ Կարճ ասած՝ նա «ժողովրդի միջից» դուրս եկած արտիստ է, որը չի խոսում սուր թեմաներից, բարի ու մարդամոտ է, սիրում է բոլորին։

Բայց, երբեմն, «լինել բոլորի ընկերը» նշանակում է ոչ մեկի ընկերն էլ չլինել։ Ու վերջին իրադարձությունները, կարծես, սրա ապացույցն են։ Մարդիկ նաև փորփրում են արխիվներն ու հիշում, որ Շիրանը երբեմն օգտագործել է իր հարթակը հանրային ու անգամ քաղաքական հարցերի համար։ Օրինակ՝ Ուկրաինային նվիրված երգ է գրել։ Ինչևէ։ Հիմա մարդիկ պնդում են, որ լռությունն ինքնին դիրքորոշում է։

Սկանդալային համերգը

Շիրանը Loop համաշխարհային շրջագայության ընթացքում ներկայացնում է իր Play ալբոմը։ Մինչև համերգաշարի ամերիկյան հատվածը նա արդեն ելույթ էր ունեցել Ավստրալիայում, Նոր Զելանդիայում ու Եվրոպայում։ ԱՄՆ-ում բացման ելույթներով նրան ուղեկցում էր մի քանի արտիստ, որոնց թվում էր պրոպաղեստինյան հայացքներով հայտնի ռեփեր Macklemore-ը։

Սեպտեմբերի 4-ի համերգի ընթացքում երգիչը հայտարարեց, որ հենց նման բեմերում խոսելու հնարավորությունն էր իր՝ շրջագայությանը միանալու պատճառներից մեկն ու հավելեց՝ «ազատություն Պաղեստինին»։ Հաջորդ օրը՝ հերթական համերգի ընթացքում նա խոսքն ուղղեց հրեա ունկնդիրներին՝ շեշտելով, որ Իսրայելի, ապարտեիդի և ցեղասպանության քննադատությունն ամենևին էլ նրանց դեմ ուղղված քննադատություն չէ։

Այս ելույթը նախ դատապարտեց StopAntisemitism կազմակերպությունը։ Ռեփերին մեղադրեցին հանդիսատեսին անակնկալի բերելու և համերգը միակողմանի քաղաքական օրակարգի համար օգտագործելու մեջ։ Իսրայելա-ամերիկյան խորհուրդը՝ IAC-ը, ստորագրահավաք սկսեց՝ պահանջելով հեռացնել նրան շրջագայությունից։ Կազմակերպությունը հայտարարեց, որ արտիստը համերգային հարթակն օգտագործել է «միակողմանի քաղաքական օրակարգ» առաջ տանելու համար։ Կարճ ասած՝ իսրայելական լոբբիստական մեքենան սկսեց գործել ամբողջ թափով։

Միաժամանակ Macklemore-ի բազմաթիվ կողմնակիցներ շեշտում էին, որ Պաղեստինի աջակցության մասին նրա խոսքերը որևէ մեկին չէին վիրավորում, չէին սպառնում, և, ընդհանուր առմամբ, խաղաղ քաղաքական բնույթ ունեին։ Մարդիկ պնդում էին, որ արտիստին շրջագայությունից հեռացնելը կարող է սահմանափակել ազատ խոսքը։

Շիրանը մնաց մենակ

Macklemore-ի ելույթներից հետո Շիրանի ամերիկյան շրջագայությունը կազմակերպող Messina Touring Group ընկերությունը սկսեց հաղորդագրություններ ստանալ համերգային հարթակների սեփականատերերից։ Նրանք զգուշացնում էին, որ չեն թույլատրի համերգների անցկացումը, եթե ռեփերը շարունակի մասնակցել դրանց։ Դեմ արտահայտվեցին Ֆիլադելֆիայի, Բոստոնի, Ատլանտայի, Շառլոթի, Ինդիանապոլիսի, Դալլասի և Թամպայի մարզադաշտերի ներկայացուցիչները։

Հակազդեցության կենտրոնում հայտնվեց միլիարդատեր Ռոբերտ Քրաֆթը, որին պատկանում է նաև Մասաչուսեթս նահանգի Ֆոքսբորոյի Ջիլեթ մարզադաշտը՝ շրջագայության կանգառներից մեկը։ Macklemore-ի խոսքով՝ հենց Քրաֆթն էր պահանջել հեռացնել իրեն։ Քրաֆթն էլ հայտարարել է, որ իր մարզադաշտը չպետք է «ատելություն բորբոքելու հարթակ» դառնա։

Այսպիսով՝ մոտ մեկ շաբաթ տևած փակ քննարկումներից հետո կազմակերպիչները համաձայնեցին ռեփերին հեռացնել շրջագայությունից։ Շիրանի շրջագայության ամերիկյան հատվածի մնացած տասը համերգից ութում ռեփերը պետք է ելույթ ունենար։ Հաջորդ կանգառը Ֆիլադելֆիան էր՝ սեպտեմբերի 19-ին։ Սրան զուգահեռ նոր զարգացումները շատ արագ վերածվեցին արտիստների՝ հանրային դիրքորոշման քննության։ Շիրանին իր համերգների ընթացքում ուղեկցող բոլոր արտիստներն ու անգամ նրա բենդը հայտարարեցին, որ աջակցում են Macklemore-ին ու հրաժարվում են իրենց ելույթներից։

Շիրանի արձագանքն ու արցունքները

Նախ Շիրանը հայտարարություն տարածեց՝ ասելով, որ ռեփերին հեռացնելու որոշումն ընդունել է Messina Touring Group-ը, ոչ թե ինքը։ Նրա խոսքով՝ ինքը փորձել է միջնորդել և կամուրջներ կառուցել, բայց ջանքերն արդյունք չեն տվել։ Շիրանը հարգում է Macklemore-ի՝ իր համոզմունքները պաշտպանելու վճռականությունը, բայցև պնդում, որ իր մասնագիտական հարթակը քաղաքական նպատակներով չի ուզում օգտագործել։

«Ինձ սարսափեցնում է Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտությունը։ Երկու կողմում էլ առաջացած տառապանքն ու ցավը մարդկային ողբերգություն են»։

Շիրանի խոսքերը ոչ միայն չմեղմացրին վեճը, այլև ավելի թեժ քննարկումների առիթ դարձան։ Երգիչն Instagram-ում մոտ կես միլիոն հետևորդ կորցրեց, նրան մեղադրում էին կողմերի միջև հավասարության նշան դնելու մեջ։ Որոշ մարդկանց դիտարկմամբ Շիրանի հայտարարությունը «որոշումից ձեռքերը լվանալու տպավորություն թողնող արձագանք» էր, որը համարժեք է վախկոտության։ Այս քննադատությունները խնդիրը տեղափոխեցին պատասխանատվության դաշտ։ Հայտարարությունն ակնհայտորեն չկարողացավ հանդարտեցնել իրավիճակը։

Ֆիլադելֆիայի համերգը դարձավ Շիրանի՝ սկանդալից հետո առաջին ելույթը և առաջին առիթը, երբ նա անձամբ բեմից խոսեց տեղի ունեցածի մասին։ Ասաց, որ հայտնվել է «մոլորակի ամենաբարդ քաղաքական հարցի շուրջ թեժ վեճի» կենտրոնում։

Բայց նրա խոսքում առանձնապես նոր բան չկար։ Հավասարության նշանը կրկին բորբոքեց կրքերը։ Շիրանի ներողությունը, արցունքները, հակամարտությունից տուժածներին օգնելու խոստումները և իր տեսակետը բացատրելու փորձերը կարծես ոչ մի կերպ չեն համոզում լայն լսարանին ու չեն մեղմում քննադատության ալիքը։