AM
2 Հոկտեմբեր 2026 - 08:30 AMT

«Մա՛մ, մենք կմեռնենք». Կրակոցներ, սպառնալիքներ ու հոգեբանական տրավմա, կամ Օքսանա Սամոյլովայի ու Ջիգանի կյանքը՝ Instagram-ից այն կողմ

02 Հոկտեմբեր 2026

Ինստագրամյան իդեալական ընտանիքի պատկերը հաճախ կա՛մ չափազանցված է, կա՛մ էլ, մեղմ ասած՝ հեռու է իրականությունից։ Ու սա, ցավոք, քիչ-քիչ կարծես օրինաչափություն է դառնում։ Ռուսական սոցցանցերն արդեն մի քանի օր քննարկում են բլոգեր Օքսանա Սամոյլովայի՝ Քսենյա Սոբչակին տված բացառիկ հարցազրույցը։ Գլխավոր թեման Ջիգանի հետ հարաբերություններն են՝ զենքով սպառնալիքներից ու հոգեբանական տրավմաներից մինչև ռեփերի ծնողական իրավունքները սահմանափակելու պահանջով դատարան դիմելու պատճառներ։ Երեք մասից բաղկացած մեծածավալ հարցազրույցում իրենց տեսանկյունն են ներկայացնում նաև Սամոյլովայի մայրը, ավագ դուստրն ու տան մի քանի աշխատակից։ Հասկանանք, թե ինչ է իրականում կատարվել այս մեգահարուստ ու մեգահայտնի բազմազավական ընտանիքում՝ փակ դռների հետևում։

Ինչ է տեղի ունեցել Սամոյլովայի և Ջիգանի ընտանիքում

Հարցազրույցի գլխավոր առիթն այս տարվա հուլիսի 3-ի լույս 4-ի գիշերը զույգի առանձնատանը տեղի ունեցած միջադեպն էր։ Լրատվամիջոցների տվյալով՝ Ջիգանը, անկառավարելի ու զինված վիճակում հայտնվել է առանձնատանը, որտեղ ապրում են Օքսանան ու չորս երեխաները, տան ամբողջ անձնակազմին հավաքել է հյուրասենյակում և պահանջել խոստովանել չկատարած հանցագործություններ։ Կարելի է ասել՝ պատանդ է վերցրել նրանց։ Թիկնապահներից մեկին մեղադրել է անչափահասներին սեռական գործողությունների դրդելու մեջ, հինգ վայրկյան տվել փախչելու համար, ապա կրակել՝ վիրավորելով ձեռքն ու ոտքը։ Մյուս աշխատակիցներին մեղադրել է «դավաճանության» և «ազգայնականության» մեջ ու նրանց հետևից ևս կրակել է։ Այս ամենը տեղի է ունեցել Ջիգանի և նրա նախկին կնոջ՝ Օքսանա Սամոյլովայի երեխաների աչքի առաջ։ Ջիգանին կարողացել են զսպել միայն մի քանի ժամ անց՝ հատուկ նշանակության ստորաբաժանումների նախկին ծառայողների օգնությամբ։ Դրանից հետո նրան շտապ ուղարկել են Իսրայելի կլինիկաներից մեկում վերականգնողական բուժման։

Ջիգանը հերքում է բոլոր մեղադրանքները։ Նա հայտարարել է, որ դեպքի մասին հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը, իսկ զենքով տեսանյութը երգի պրոմո հոլովակի նկարահանումից է, որը «հեյթերները խեղաթյուրել են»։ Նա հաստատել է, որ վերականգնողական կենտրոնում է գտնվում, բայց պնդել է, որ այնտեղ է «հոգևոր վերականգնման» համար, ոչ թե միջադեպի պատճառով։ Նա նաև հանգիստ է արձագանքել ենթադրություններին, թե կենտրոնում բուժվելը կարող են իր դեմ օգտագործել ծնողական իրավունքներից զրկելու հարցում։ Նրա փաստաբանը նույնպես լրատվամիջոցներին ասել է, որ զենքով կադրերը տեսահոլովակի նկարահանումից են։ Տուժածներից ոստիկանությունը պաշտոնական հաղորդումներ չի ստացել։ Գերատեսչությունը ստուգում է լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունները։

Ջիգանի վարքի հետ կապված խնդիրները սկսվել են դեռ 2020 թվականին

Սամոյլովայի խոսքով՝ խնդիրները սկսվել են ոչ թե այս տարվա հուլիսյան միջադեպից, այլ դեռ 2020 թվականին՝ Մայամիում հանգստի ժամանակ, երբ ինքը հղի էր ու զույգը սպասում էր չորրորդ երեխային։ Ջիգանն այն ժամանակ ուղիղ եթերներում անկառավարելի վարք էր դրսևորում, երեխաների ներկայությամբ հայհոյում էր և ի վերջո հայտնվեց վերականգնողական կլինիկայում։

Ամենամեծ ցնցումը 2020 թվականին էր։ Մինչև այդ ամեն ինչ համեմատաբար նորմալ էր։ Ես սովորել էի։ Քսան տարեկանից նրա հետ եմ, ուրիշ հարաբերություններ չեմ ունեցել։ Ամբողջ գիտակից կյանքս նրա հետ եմ ապրել։ Երբեք չեմ դավաճանել, ուրիշ տղամարդկանց չեմ նայել։ Միշտ այսպես եմ ապրել»։

Սամոյլովան նաև բացատրել է, թե ինչու այդ դեպքից անմիջապես հետո չի բաժանվել ամուսնուց, թեև մայրն իրեն հորդորում էր հեռանալ։ Կայունությունն ու երկու ծնողներով ընտանիք ունենալու երազանքը ստիպում էին աչք փակել անհանգստացնող նշանների վրա։

«Դենիսի հետ մեր ամբողջ հարաբերությունն այսպես էր կառուցված․ ես ամեն ինչ անում էի, որ բոլորի համար լավ լինի, իսկ նա օգտվում էր իմ արածից։ Երկակի ստանդարտներ։ Ասում էր՝ ընտանիքն ամենակարևորն է, ու անմիջապես գնում էր դավաճանելու։ Ինձ շատ հեշտ է խաբել։ Եթե մի շաբաթ շարունակ ինձ ասեն՝ «Չէ՛, նման բան չի եղել», շաբաթվա վերջում կասեմ՝ «Դե, երևի ճիշտ եք»։ Ես սովորել էի այսպես ապրել»։

Ջիգանը նրա վրա ատրճանակ է պահել և սպառնացել սպանել

Սամոյլովան առաջին անգամ հրապարակայնորեն հաստատել է, որ ամուսինն իրեն ֆիզիկական հաշվեհարդարով է սպառնացել, ընդ որում՝ ոչ մեկ անգամ։ Նրա խոսքով՝ վեճերից մեկի ժամանակ Ջիգանն ատրճանակը պահել է իր գլխին, իսկ մեկ այլ առիթով ասել է, որ կարող է իրեն «աննկատ թույն ներարկել» այնպես, որ ոչ ոք նույնիսկ չհասկանա մահվան պատճառը։ Սամոյլովայի խոսքով՝ ուշքի գալուց հետո Ջիգանը ներողություն էր խնդրում, բայց կտրականապես հրաժարվում էր տնից հեռացնել այնտեղ պահվող զենքը։ Նաև այս սպառնալիքներն էին, որ հիմք են հանդիսացել երեխաների միանձնյա խնամակալությունը ստանձնելու որոշման համար։

«Ուղղակի վախենում եմ։ Ելք չունեմ։ Եթե նա հիմա վերադառնա, երեխաներին ինձնից կտանի ու կձևացնի, թե հենց այդպես էլ պետք է լինի։ Նա վրաս ատրճանակ է պահել ու սպառնացել։ Այս ամենը կարող է մահով ավարտվել։ Նրա համար ինձ սպանելն ավելի հեշտ կլինի»։

2022 թվականին Ջիգանը տանը կրակել է պատերին և առաստաղին

Բացի այս տարվա հուլիսյան միջադեպից, Սամոյլովան պատմել է նաև 2022 թվականին տեղի ունեցած մի դեպքի մասին, որը մինչև այդ հանրությանը հայտնի չէր։ Նրա խոսքով՝ ամուսնուն «հանկարծ թվացել է», թե ինքը դավաճան է և «ինչ-որ բան է արել»։ Դրանից հետո նա, սթափ վիճակում չլինելով, սկսել է զենքով շրջել ամբողջ տնով մեկ և կրակել պատերին ու առաստաղին։

Ընտանիքը կատարվածը թաքցրել է նույնիսկ մտերիմներից։ Տան պատերի վրա մնացած փամփուշտների հետքերն ու վնասված հատվածները սվաղել են, իսկ երեխաներին ավելի մեղմ տարբերակ են պատմել՝ իբր փորձել են կողոպտել տունը։ Սամոյլովայի խոսքով՝ միայն ավագ դստերը՝ Արիելային են ստիպված եղել պատմել, թե իրականում ինչ է տեղի ունեցել հոր հետ։

Մեղքի զգացումն ու մանկության տրավման

Սամոյլովան մանրամասն բացատրել է, թե հոգեբանական ինչ պատճառներով է տարիներ շարունակ մնացել այդ հարաբերությունների մեջ։

«Թեև նա հազար ու մի բան էր անում, որոնք ոչ մի դեպքում, ոչ մի ձևով ընդունելի չէին, միևնույն է՝ կարողանում էր իմ մեջ մեղքի զգացում առաջացնել»։

Նրա խոսքով՝ Ջիգանը տարիներ շարունակ իրեն համոզել է, որ ամուսնալուծությունը կքանդի ընտանիքը։ Իսկ Օքսանան 6 տարեկանից, երբ հայրը լքել էր իրեն, երազել է երկու ծնողներով, կայուն ընտանիք ունենալու մասին։ Այդ պատճառով էլ ամուսնուն ավելի հեշտ էր հաջողվում ազդել իր որոշումների վրա։

Նա նաև պատմել է, որ իրենց ընտանիքում ամեն ինչ որոշում էր ամուսինը։ Ջիգանն իրեն արգելում էր հանդիպել ընկերուհիներին և առանց նրա միջոցառումների գնալ։ Երկար ժամանակ Սամոյլովան սա համարել է սիրո դրսևորում։ Միաժամանակ նա ընդգծել է, որ ամուսնու վարքի համար իրեն երբեք չի մեղադրել․

«Կյանքում ոչ մի անգամ չեմ մտածել, թե ես եմ մեղավոր նրա հետ կատարվողի համար։ Ես շատ լավ հասկանում էի, որ չեմ կարող նրան օգնել»։

Ծնողական իրավունքների մասին

Վերջին սարսափազդու դեպքերից հետո Սամոյլովան վերադարձել է Մոսկվա, ուժեղացրել է անվտանգությունը, երեխաների համար հոգեբան է գտել և նախկին ամուսնու ծնողական իրավունքները սահմանափակելու ու երեխաների բնակության վայրը մոր մոտ սահմանելու պահանջով դատարան է դիմել։ Նա խոստովանում է, որ, չնայած կատարվածին, դժվարությամբ է որոշում կայացրել․

«Ես ստիպված եմ նորից դատարան գնալ և միանձնյա խնամակալություն խնդրել։ Ուրիշ ելք պարզապես չունեմ։ Բոլորովին չեմ ուզում դա անել։ Բայց այլևս ընտրություն չունեմ… Չգիտեմ՝ ինչ պետք է ասեմ։ Ինձ փաստացի ապացույցներ են պետք, իսկ ես դրանք չունեմ»։

Սամոյլովան առավելապես վախենում է ոչ թե անցյալում տեղի ունեցածից, այլ բուժումից հետո Ջիգանի հնարավոր վերադարձից։ Նա նաև վստահ է, որ կատարվածն անխուսափելիորեն կազդի երեխաների վրա․

«Նրանք հաստատ հոգեբույժի ու հոգեբանի օգնության կարիք կունենան։ Կան բաներ, որոնք ես պարզապես չեմ կարող վերահսկել։ Երբ կարող եմ նրանց պաշտպանել՝ միանշանակ անում եմ դա, բայց շատ բաներ իմ վերահսկողությունից դուրս են»։

Օքսանայի մայրը՝ Եվգենյան, իր հերթին պատմել է, որ ամուսնալուծության փաստաթղթերը ներկայացնելուց հետո Ջիգանն իբր զանգահարել է իրեն ու ասել․

«Ես նրան էլ կսպանեմ, երեխաներին էլ։ Դու հո գիտես, որ ես ինձ չեմ վերահսկում»։

«Նա գալիս է մեզ վրա կրակելու. Մա՛մ, աղաչում եմ»

Այս ամենը, իհարկե, սարսափելի է, բայց մարդկանց վրա հատկապես ազդել է Օքսանայի և Ջիգանի ավագ դստեր՝ Արիելայի հարցազրույցը։ Մարդիկ ասում են, որ դեռահաս աղջնակն անգամ մորից ավելի սթափ է դատում իրավիճակը, նաև փաստում, որ կատարվածը աղջկա վրա ծանր հոգեբանական ազդեցություն է թողել։

15-ամյա Արիելան պատմել է, որ այն օրը, երբ Ջիգանը կրակոցներ է արձակել և պատանդ վերցրել տան աշխատակիցներին ու թիկնապահներին, առավոտյան ժամը չորսին եկել էր իր մոտ։ Հայրը համառորեն պահանջում էր, որ իր և մյուս երեխաների հետ գնա իրենց տուն։ Ռեփերը պնդում էր, թե դստերը վտանգ է սպառնում։ Դեռահասի խոսքով՝ հորից «տարօրինակ քիմիական հոտ» էր գալիս, թեև նա պնդում էր, որ ոչինչ չի օգտագործել։

«Ես ամեն ինչին համաձայնում էի, լրացուցիչ հարցեր էի տալիս, նույնիսկ հետաքրքրություն էի ցույց տալիս, որ չմտածի՝ ինչ-որ բան այն չէ, ու ագրեսիվ չդառնա։ Մեքենայում նա ուղղակի անհեթեթ բաներ էր խոսում, մի թեմայից մյուսն էր անցնում։ Պարզապես անկապ զառանցանք էր»։

Արիելան պատմել է, որ երեխաները թաքնվել էին հանդերձասենյակում, մինչ զինված Ջիգանը շրջում էր ամբողջ տնով մեկ։ Ավելի ուշ հայրը հայտարարել է, թե մահապատժի է ենթարկելու թիկնապահներից մեկին։ Որոշ ժամանակ անց նա սկսել է կրակել աշխատակիցների վրա։ Արիելան հասցրել է կատարվողի մասին գրել մորը։ Հաղորդագրություններում աղջիկն աղաչել է, որ «ինչ-որ մեկը գա»։

Սամոյլովայի և Ջիգանի ավագ դուստրը գիտեր՝ ինչպես շեղել թմրանյութերի ազդեցության տակ գտնվող հոր ուշադրությունը, քանի որ նախկինում արդեն նման իրավիճակում եղել էր։ Ռեփերն առաջին անգամը չէր, որ զենքով հարձակվում էր ընտանիքի վրա։ Արիելայի խոսքով՝ Ջիգանը հաճախ անկառավարելի վարք էր դրսևորում նաև ճամփորդությունների ժամանակ։

«Գուլպաները հագնում էր ձեռքերին, քնելու դիմակով շրջում էր ինքնաթիռի սրահով, անընդհատ անհանգստացնում էր բորտուղեկցորդուհիներին, կանգնում միջանցքում»։

Ընտանիքի դայակ Սվետլանան և խոհարար Ալեքսանդրան էլ հարցազրույցում պատմում են, որ իրենց հաջողվել է տնից դուրս գալ հետևի դռնով։ Խոհարար Ալեքսանդրան պատմում էր, որ ռեփերը հաճախ հակասական պահանջներ էր ներկայացնում՝ կարող էր խնդրել իր համար սեղան գցել, հետո իջնել ու ագրեսիվ տոնով հարցնել, թե ինչու է սեղանին ուտելիք դրված։ Նա պարբերաբար վիրավորում էր անձնակազմին և հաճախ սպառնում աշխատակիցներին։

«Նրա համար բոլորը տխմար էին։ Կարծես պատերազմական գոտում լինեինք»։

Պատերազմական գոտի ու սարսափ ֆիլմ հիշեցնող այս պատմությունն իսկապես շատ ցավալի է, հատկապես, երբ պատմության առանցքում չորս անչափահաս երեխաներ են, որոնց հոգեկան ու էմոցիոնալ առողջությունը խաթարված է։ Այս ընտանիքը մշտապես տեսախցիկների ու մարդկանց ուշադրության կենտրոնում է եղել, հետևաբար կարելի է ենթադրել, որ այս մանրամասն բացահայտումներից հետո նրանց խոշորացույցով են հետևելու։ Ու այս պարագայում դա գուցե շատ ավելի լավ է, որովհետև հանրային արձագանքը Ջիգանի համար կարող է զսպաշապիկ դառնալ։ Իսկ, ընդհանուր առմամբ, ակնհայտ է, որ այստեղ խոսքն առաջին հերթին բուժման, անվտանգության երաշխիքների ու միայն հետո մնացյալի մասին պիտի լինի։